«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին
հունիս 29, 2026
«Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Դավիթ Ղուլյանը մասնակցել է Պետերբուրգյան միջազգային իրավաբանական 14-րդ համաժողովին:
Միջոցառման շրջանակում կայացած քննարկումներն անցկացվել են «Արդարադատության համակարգի բարեփոխումը գլոբալ մարտահրավերների պայմաններում. Հայաստանի Հանրապետության փորձը» խորագրի ներքո:
Համաժողովի ընթացքում մասնակիցներն ընդգծել են, որ ներկայիս միջազգային իրադրության համատեքստում դատափորձագիտական գործունեությունն անհրաժեշտ է դիտարկել որպես հանցավորության դեմ պայքարի կարևորագույն տարրերից մեկը: Շեշտվել է նաև, որ միասնական փորձագիտական միջավայրի ձևավորումը հնարավորություն է տալիս մասնագետների փոխգործակցությունը բարձրացնել որակապես նոր մակարդակի:
Հանդիպման շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել համագործակցության հետևյալ առաջնահերթ ուղղություններին.
- փորձագիտական գործընթացների թվայնացում,
- մոտեցումների ստանդարտացում,
- ոլորտային համագործակցության մարմինների հետ փոխգործակցության սերտացում:
Համաժողովին ստորագրվել են մի շարք որոշումներ։ Մասնակցել են բարձրաստիճան պատվիրակություններ մի շարք երկրներից, այդ թվում՝ «Հայաստանի Հանրապետության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրեն Դավիթ Ղուլյանը, Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոն, Ղազախստանի Հանրապետության արդարադատության նախարար Երլան Սարսեմբաևը, Տաջիկստանի Հանրապետության արդարադատության նախարար Աշուրյոն
Մուզաֆֆարը, Բելառուսի Հանրապետության դատական փորձաքննությունների պետական կոմիտեի նախագահ Ալեքսեյ Վոլկովը և Ղրղզստանի Հանրապետության արդարադատության նախարարությանն առընթեր Դատափորձագիտական ծառայության նախագահի տեղակալ՝ Նուրբեկ Ալիյմանովը:
Փորձագիտական կենտրոնի տնօրեն Դավիթ Ղուլյանը հանդիպման մյուս մասնակիցների հետ համատեղ, ստորագրել է համագործակցությանն առնչվող մի շարք որոշումներ, որոնք կոչված են ամրապնդելու և իրավական հիմքերի վրա դնելու ձեռք բերված պայմանավորվածությունները: Կողմերը քննարկել են նաև մասնագիտական փոխանակմանը, փորձագիտական հետազոտությունների մեթոդաբանության համակարգմանն ու միասնականացմանը (ունիֆիկացմանը), կադրերի պատրաստման և որակավորման բարձրացման համակարգի զարգացմանը, ինչպես նաև համատեղ գիտագործնական համաժողովների ու գիտահետազոտական աշխատանքների անցկացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Բացի այդ, կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել Խորհրդի հերթական նիստը 2027 թվականին անցկացնել Ղրղզստանի Հանրապետությունում: